Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Հայաստանը առանց հայերի՞

Հայաստանը առանց հայերի՞
15.11.2013 | 00:08

Արդեն քսաներկու տարուց ավելի է, ինչ Հայաստանն անկախ երկիր է դարձել, վերջապես: Բայց իրո՞ք Հայաստանն անկախ է, անկախ ինչի՞ց` Մոսկվայի՞ց։ Բայց ա՞յս էր այն անկախությունը, որին ժողովուրդը ձգտում և երազում էր։ Իհարկե` ոչ։ Մեծ վարպետ Գևորգ Էմինը, «սովետի դիսիդենտը», անկախության մասին այսպես է դրսևորվել. «Այն ժամանակ մենք կախված էինք Մոսկվայից, հիմա կախված ենք ամեն մի զրթ-զիբիլից։ Այս կառավարության ֆունդամենտը սխալ է դրված։ Նրանց համար ամենակարևորը «բազարն» է, միայն թե փող սարքեն»: «Ժողովրդին խաբեցին,- արտահայտվել է Սիլվա Կապուտիկյանը,- հիմա մենք կախված ենք Մոսկվայից, Թիֆլիսից, Անկարայից, Բաքվից, Թեհրանից, ԱՄՆ-ից, Համաշխարհային բանկից, և նրանք դեռ կարգադրում են մեզ ինչպես ապրել»։

Եվ այսպես, անկախ դարձան միայն մի բուռ մարդիկ, անկախ օրենքից և ազգասիրությունից: Այս անկախ ոհմակը քսաներկու տարի կողոպտում և աղքատացնում է ժողովրդին, դարձնելով նրան ճորտ, ստոր և օտար իր հայրենիքում: Այդ մի քանի տոկոսը, անկախությունը օգտագործելով, կապիտալիստական բուրժուազիա և ստրկություն բերեց Հայաստանին: Այսօրվա Հայաստանի դրությունը համապատասխանում է դրան։ Ժողովրդի շուրջ 40 %-ը աղքատության մեջ է: Օժանդակվելով արևմտյան, այսպես կոչված, «դեմոկրատ» երկրներից, որոնք միայն Հայաստանի անկումն են ցանկանում, քաոս և անարխիա տարածեցին Հայաստանում, որ իրենք միլիոններ վաստակեն և ժողովրդից թալանած փողերն արևմտյան բանկերում կուտակեն: Իսկ թալանված և հիասթափված ժողովուրդը ստիպված լքում է իր «անչափ սիրած և անկախ» հայրենիքը, որ օտարության մեջ գործ գտնի, երեխաների ապագան ապահովի և հայրենիքում իր ազգականներին ու ընկերներին օգնի: Դեռ, դժբախտաբար, կառավարությունից ցինիկորեն արձագանքում են` «հետո՞, գնան»։ Արդյոք դրանք Հայաստանն առանց հայերի՞ են ցանկանում։ Ո՞ր երկրի դրդումով։ Հենց առաջին սփյուռքի համաժողովին, 1999 թվին, համալիրում, բոլորը միաձայն, պրեզիդենտից մինչև նախարարները, ցավոք, և Վեհափառը, սփյուռքն ուժեղացնելու մասին էին գովազդում: Նույն տեղում ինձ ասուլիսի հրավիրեց ռադիոյի մի երիտասարդ աշխատակցուհի, և ես բողոքեցի` ասելով, որ դուք ժողովրդին քարոզում եք լքել հայրենիքը:
Ցավոք դա` «սպիտակ գենոցիդը», կատարվեց:
Այսպես կոչված, «անկախությունում» ժողովուրդը կորցրեց իր սոցիալական արժեքները, աշխատատեղերը, ընտանիքի ապահովությունը, և ամենացավալին, նա ոչ մի ապագա չի տեսնում իր հայրենիքում և լքում է հայրենիքը: Քսաներկու տարի է անցել «անկախությունից». գյուղերը դատարկվել են, ազգի լավագույն մասը թողել և հեռացել է: Մեկ միլիոն, երկու միլիոն։ Տանը մնացել են տարիքավորները, կանայք և երեխաները, իսկ նրանք, ովքեր չեն կարողացել լքել հայրենիքը, հավաքվել են Երևանում: Երևանը նույնպես կորցրել է իր տեսքը, բնագիրը: Մաֆիոզական մեթոդներով օլիգարխները ժողովրդին վտարեցին կենտրոնի իրենց տներից, որ նրանց բնակարանները, որոնց մեջ հին, պատմական կառույցներ էլ կային, քանդեն և տասնյակհարկանի շենքեր կառուցեն, շենքեր, որոնք ո՛չ շինարարական, և ո՛չ էլ ճարտարապետական արժեք չեն ներկայացնում: Երևանի կենտրոնի փողոցներն ապացուցում են այդ. մթություն և կեղտոտություն է ամենուրեք: Մի ազատամարտիկ, որը կառավարությունում ընկերներ ունի, Հայաստանի օրվա դրության մասին վիճաբանելիս, չկարողանալով դիտողություններին պատասխանել, չարացած ասաց.
-Ի՞նչ եք ուզում մեզնից։ Հերիք է անընդհատ մեզնից հայրենասիրություն պահանջեք: Մենք արցախյան պատերազմում դարձանք այն, ինչ հիմա ենք. մարդասպաններ և կողոպտիչներ։ Ինչո՞ւ չեք ուզում մեզ հասկանալ։ Պատերազմում ուրիշ այլընտրանք չկա, պետք է սպանել կամ սպանվել: Հիմա դուք մեզնից սպասում եք, որ մենք «նորմալ» լինենք։ Շատ նաիվ եք։ Մենք հաղթեցինք և հիմա իրավունք ունենք անելու այն, ինչ ուզում ենք: Ժողովուրդը պետք է մեզ հասկանա։ Ձեզ նման «բարոյախոսների» և «ազգամոլների» կարիքը մենք չունենք։ Այսօրվա գլոբալիզացված աշխարհը հաստատում է մեր մտածելակերպը, ամեն տեղ պատերազմ, կողոպուտ, բռնություն և կոռուպցիա: Անվանեք մեզ անաստված, ոճրագործ, դաժան, բայց հասկացեք մեզ վերջապես։ Այս «ոճրագործները վերևում», իմ պատերազմի ընկերներն են: Եվ մենք առաջինները կլինենք, որ պատերազմ կգնանք, եթե կարիքը լինի: Եվ մենք մեզ նորից կսրսկենք և կհարբենք, որ կարողանանք սպանել կամ սպանվել, և նորից մեզնից շատերը չեն վերադառնա: Դրա համար էլ մենք իրավունք ունենք այսպես լինելու: Սրանից ավելի ասելիք չունեմ: Ապագա սերո՞ւնդը։ Մենք օրինա՞կ լինենք նրանց։ Նրանք, որ մեզնից հետո կգան, թող մտածեն` ինչպես են այս զիբիլը, որ մենք նրանց թողնելու ենք, մաքրելու: Դա իրենց պրոբլեմն է։
Այո, սրանք պատերազմ են գնացել և մահվան հետ «վաբանկ» ղումար խաղացել և շահել: Հիմա այս «վաբանկ» խաղացողները հավաքում են իրենց «շահույթը», կողոպտելով ժողովրդին, աղքատացնելով, ճորտացնելով և ստորացնելով նրա: Հիմա կառավարում են դրանք, այդ անկիրթ մոդայամոլները և նորահարուստները: Բայց ինչպիսի՞ կյանք ունեն այսօր այն ազատամարտիկները, որոնք ղումարի և թալանի համար չեն գնացել պատերազմ: Իսկ զոհվածնե՞րը... ի՞նչ եղան նրանց ընտանիքները։ Նրանց կանայք և երեխաները։ Այդ զոհվածները անբուժելի վերքեր թողեցին, ճակատագրեր, որոնք կիսատ մնացին, որովհետև շատ հերոսներ չվերադարձան։
«...Ներեք ինձ, որ լալիս եմ։ Մինչ հիմա ես չէի կարողանում լալ։ Բայց հիմա...
Ես պետք է ազատվեմ այս ուրվականից։ Թողեք պատմեմ։ Մենք ուսանում էինք համալսարանում, նույն կուրսում։ Մենք սիրում էինք իրար։ Նա հայրենասեր էր։ Իդեալիստ։ Երբ պատերազմը սկսվեց, ասաց. «Ես պիտի գնամ հայրենիքը պաշտպանելու»։ Խնդրեցի` չգնալ։ Աղաչեցի։ Բայց նա ասաց` պետք է գնամ։ ՈՒզում էր, որ ես էլ իր հետ գնայի։ Բայց ես չգնացի։ Ինչո՞ւ։ Ես այդքան հիմա՞ր էի։ Ինչո՞ւ։ Աստված իմ, միայն թե կարողանայի սխալս ուղղել։ Նա ինձ անընդհատ գրում էր։ Գրում էր դաժան պատերազմից։ Չգիտեմ, կկարողանա՞մ նորից տուն վերադառնալ... Եվ նա զոհվեց, քայքայելով ինձ։ Ես սկսեցի փնտրել նրա ընկերներին։ ՈՒզում էի իմանալ` ինչպե՞ս ընկավ նա։ Երբ նրա դիակը բերեցին և մեծ պատվով թաղեցին, չգնացի թաղմանը, ամաչում էի իրենից։ Չէի կարողանում ընդունել, որ նա այլևս չկա։ Տարիներ հետո կարողացա ինձ համոզել և այցելել նրա գերեզմանին Եռաբլուրում։ Այնտեղ նա մենակ չէր։ Ես համբուրեցի նրա գերեզմանը, ասացի, որ ես իրեն շատ եմ սիրում, որ ես իրեն շատ եմ կարոտում, շա՜տ...»։
Ո՞Ւր պիտի դրվեն այս ճակատագրերը, ի՞նչ է կատարվում այն աղջիկների հոգում, ովքեր կորցրին իրենց սիրելիներին և դեռ տառապում են: Ի՞նչ է կատարվում այդ նահատակների ընտանիքների, երեխաների և մայրերի հետ, երբ նրանք էլ, ինչպես իրենց որդիները, այսօր պայքարում են օրվա հացի համար, պայքարում թշնամիների դեմ, հայ թշնամիների դեմ, որոնք ավելի դաժան են, քան թուրքը...

Հայի ճակատագիր։ Այո, կարելի է այսպես անվանել, չէ՞ որ մեր պատմահայրը` Խորենացին, իր ողբում արդեն պատմել է հայի դաժանության, եսամոլության, փառասիրության և ազգին դավաճանության մասին: Նույնպես են արտահայտվել տասնյակ մեր հայտնի և ինտելեկտուալ գրչավարպետները:
Իսկ ի՞նչ ենք անում մենք` սփյուռքի հայերս, մեր ազգի համար, բացի մի քանի տասնյակ հազար դոլարներ նվիրելուց և ոսկի մեդալներ հավաքելուց: Ցավոք, նրանք, ովքեր սփյուռքից Հայաստան են վերադարձել և այդտեղ աշխատանք ստեղծել, ավելի դաժան են վերաբերվում իրենց հայրենակիցներին, նրանց չնչին վարձեր տալով և ամիսներ աշխատավարձերը հետաձգելով։ Մենք սփյուռքում պետք է միանանք և Հայաստանի կառավարությանը ստիպենք ազգի համար աշխատել, այդ կարողությունը մեր սփյուռքն ունի: Այո՛, մե՛նք, դրսի հայերս էլ ենք մեղավոր` մեր փառասիրությամբ, եսամոլությամբ։ Բայց, ցավոք, սա մենք ենք, ես, դու, նա…

Արտեմ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ

Վիեննայի համալսարանի պատմական գիտությունների դոկտոր,
Վիեննայի արվեստների և երաժշտության համալսարանի
արվեստագիտության մագիստրոս,
Հայաստանի ԳԱԱ պատվավոր դոկտոր

Դիտվել է՝ 2194

Մեկնաբանություններ